ԱԻՄ առաջնորդ, մափափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հերթական գրառումն է կատարել «Ֆեյսբուքում»`  անդրադառնալով իր առողջական վիճակին:

«Բարեկամներ, համաձայն եմ, որ չարժի բոլոր գրություններին արձագանքել, բայց հիմա հեռավոր ափերում, երբ հայտնի պատճառով անքնությունը թույլ չի տալիս լուրջ գործերով զբաղվել, որոշեցի ձեզ հետ լինել։ Թե չէ, հիշում եք, որ համացանցում ժամանակ կորցնելու սիրահար չեմ։ Աջ ձեռքիս միայն մի մատն եմ կարողանում օգտագործել ցավազրկողների բուռն աջակցությամբ, բայց դրանից էլ շատ գոհ եմ։ Վաղվանից կսկսեն լուրջ ուսումնասիրություներն ու հուսամ, նաեւ որոշակի բուժումները։ Շատ զգուշավոր են (կասեի՝ դանդաղկոտ), բայց իրենք են գործի տերը։ Ինձ մնում է ենթարկվել։ Շնորհավորում եմ բոլորիդ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Կառավարության այս որոշումից հետո, սոցիալական ցանցերում, մասնավորապես` «Ֆեյսբուքում» մեծ քննարկումներ եւ քննադատություններ եղան. կարելի էր բազմաթիվ գրառումներ եւ մեկնաբանություններ գտնել այն մասին, որ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների պետբյուջե վճարած հարկերից այդքան գումար հատկացվի նրա վիրահատությանը, եւ եթե նա 8 մլն դրամ ընտրագրավ է ունեցել, ունի թիմ, կուսակիցներ, կարելի էր նրանց միջոցով վիրահատության գումարը հավաքել: Քննարկումներում նշվում էր, որ տասնյակ երեխաներ կան, որոնք արտերկրում վիրահատության կարիք ունեն, ինչու կառավարությունը նրանց համար գումար չի վճարում, կամ թող գոնե հոգար սահմանային գյուղերում առկա մի շարք խնդիրներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am