Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ու պատճառներն ունի մասնակցելու համաժողովրդական շարժմանը կամ զերծ մնալու մասնակցությունից: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Օրինակ, ՀՅԴ-ն առաջին օրերին միացել է շարժմանը, եւ, հուսով եմ, կհաստատի այդ ձգտումը: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հարցով հստակ է արտահայտվել, թե ով է հաղթել ընտրություններում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», այն հայտարարում է, թե մոտ է ժողովրդին: Վարդան Օսկանյանը` այդ կուսակցության անդամ է, եւ շեշտը դնում է քաղաքացիական դիրքորոշման վրա: Բայց, ինչպես բազմիցս եմ ասել, կուսակցությունները պետք է արտահայտեն իրենց կարծիքն ու կողմնորոշվեն»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ներկայիս պայքարը տարբերվում է 1996, 1998, 2003 եւ 2008 թվականների շարժումներից: «Կան մարդիկ, որ պայքարել են ինձնից առաջ: Ես կարող եմ ասել, թե ինչումն է տարբերությունը: Այժմ չկա անունների եւ անհատների պայքար: Սա ողջ ժողովրդի պայքարն է, եւ ինչպես էլ այն ավարտվի, ես լավատես եմ: Ես վստահ եմ, որ պայքարը շարունակելը մեծ պատասխանատվություն է իմ եւ ժողովրդի համար»,- ասել է Հովհաննիսյանը: