Ադրբեջանում ապրիլի 1-ի կեսօրին հակակառավարական ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ակցիան կայացել է Նարդարան ավանում, որտեղ ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել նախօրեին կալանավորված աստվածաբան Թալեհ Բաղիզադեին եւ «հիջաբի կալանավորներին»:

contact.az-ի փոխանցմամբ՝ ակցիայի հարյուրավոր մասնակիցներ վրդովմունք են հայտնել Բաղիզադեի անօրինական կալանավորման կապակցությամբ, դա գնահատելով որպես «առեւանգում»: Նրանք պահանջել են իշխանություններից վերջ տալ կրոնական գործիչների եւ հավատացյալների դեմ բռնություններին, որոնց ձերբակալում են դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ակցիաների մասնակցելու համար:

Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկել են. «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Կորչեն կոռումպացված ադրբեջանական պաշտոնյաները»:

Իր հերթին, haqqin.az-ը հայտնել է, որ անմիջապես հրապարակում ոստիկաններ չկան, բայց ավանի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են: Ցուցարարները Նարդարանում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկում, հաղորդում է աղբյուրը:

Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Աստվածաբան Բաղիրզադեն ձերբակալվել է մարտի 31-ին եւ նրան անօրինականորեն թմրամիջոցներ պահելու մեղադրանք է առաջադրվել:

Ադրբեջանում ընդդիմադիր տրամադրությունները վերջին ժամանակներս առավել ընդգծված բնույթ են կրում: Հունվարին Իսմայիլի քաղաքի բնակիչները բողոքի ակցիա էին արել ավտորիտար ռեժիմի դեմ, ակցիան վերաճել էր անկարգությունների: Հունվարի կեսերին ոստիկանությունը ցրել էր Յասամալի շրջանում փախստականների ակցիան: Նմանատիպ բողոքներն Ադրբեջանում բազմաթիվ են, բայց իշխանությունները խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում են ուժի կիրառումը: