«Լունա» գիշերային ակումբում եղբայրներ` 23-ամյա Դավիթ եւ Վարդան Բարխոյանները, ոչ սթափ վիճակում վիրավորել են գիշերային ակումբի մատուցողուհուն, այնուհետեւ ծեծի ենթարկել տնօրենին եւ նրա դստերը: Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա ամբաստանյալ Դավիթ Բարխոյանը եղբոր, գործով մյուս ամբաստանյալ 21-ամյա Վարդան Բարխոյանի եւ երեք այլ անձանց հետ «Լունա» գիշերային ակումբում գտնվելու ընթացքում օգտագործել են ալկոհոլ եւ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում աղմկել եւ խանգարել են ակումբի աշխատանքները: Վերջիններիս վարքագծի համար մատուցողուհի, գործով վկա Լ.Վ.-ն դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են իրենց պահվածքը եւ տվել խուլիգանական բնույթի հայհոյանքներ:
Դրանից հետո, նրանց է մոտեցել ակումբի տնօրեն, գործով տուժող Լիդա Օհանյանը եւ փորձել կարգի հրավիրել ամբաստանյալներ Բարխոյաններին եւ նրանց ընկերներին, սակայն տեսնելով, որ վերջիններս շարունակում են իրենց խուլիգանական գործողությունները, նրանց հայտնել է, որ իրենց վարքագծի պատճառով ակումբը փակում է եւ պահանջել է հեռանալ: Բարխոյան եղբայրները եւ մյուսները հրաժարվել են ակումբից դուրս գալ, ապա կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, ամբաստանյալներ Դավիթ եւ Վարդան Բարխոյանները խմբի կազմում շարունակել են շուրջ 20 րոպե աղմկել, խուլիգանական հայհոյանքներ տալ Լ.Օհանյանի եւ ակումբ եկած վերջինիս դստեր, գործով մյուս տուժող Հասմիկ Օհանյանի հասցեին: Վերջիններս չկարողանալով խափանել խուլիգանական գործողությունները, տուժող Լ.Օհանյանի նախաձեռնությամբ զանգահարել են ոստիկանություն:
Այնուհետեւ, ակումբ ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին եւ նրանց ներկայությամբ շարունակել վիրավորել եւ հայհոյանքներ տալ ակումբի աշխատակիցներին: Ոստիկանության աշխատակիցներն ամբաստանյալներ Դավիթ եւ Վարդան Բարխոյաններին ակումբից դուրս են հանել, սակայն ակումբի մուտքի մոտ վերջիններս շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, շուրջ 5 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը շարունակել են խուլիգանական բնույթի հայհոյանքներ տալ տուժողների հասցեին, որը զուգորդվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին, նրանց պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քննելով գործը դատարանը վճռել է Դավիթ եւ Վարդան Արտեմի Բարխոյաններին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 մասի 1–ին կետով նախատեսված հանցանքում խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Դավիթ Բարխոյանը դատապարտել է տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400 հազար ՀՀ դրամի չափով: Իսկ Վարդան Բարխոյանը դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի` 250 հազար ՀՀ դրամի չափով:


























