Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոն է ուզում, ուրեմն ինքը կոալիցիայի է գնում, իսկ եթե ընդդիմություն է, ուրեմն պետք է պահանջի ուրիշ բաներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակին, մասնավորապես` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելակերպին եւ պահանջներին:
Նա նշեց, որ չի ցանկանա մասնագիտական գնահատական տար Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլը դադարեցնելուն, այդ հարցում նրա համար առաջնայինը մարդկային հարցն է, եւ ինքը բազմիցս նրան հորդորել է դադարեցնել հաղադուլը:
Ընդհանուր առմամբ` Կարեն Քոչարյանը նշեց, որ հացադուլը քաղաքական պայքարի ձեւ չէ, դա բողոքի ձեւ է, որը Հայաստանում երբեք չի գործել: «Չեմ ցանկանում որեւէ բան քննարկել նրա` հացադուլից դուրս գալու հետ կապված, լավ է արել, կարեւորը այն է,որ դուրս է եկել, ճիշտ է արել. Աստված իրեն առողջություն տա»,- ասաց քաղտեխնոլոգը, այնուհետեւ հավելեց, որ հացադուլ կարող էր անել յուրաքանչյուրը, բայց ոչ 37 տոկոս հավաքած ընդդիմադիր գործիչը:
Ինչ վերաբերում է նախագահի նախկին թեկնածուի` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը իր դիակի վրայով անելու մասին հայտարարությանը, ապա քաղտեխնոլոգը համոզված է, որ դրան չենք հասնի: «Պարզ է, չի լինի, ինքն էլ իրենը կանի, երկու, երեք հատ ինագուրացիայի ականատես կլինենք, մարդ ես, կարող է էպոսագետն էլ է ուզում ինագուրացիա անել բերդում»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով` բացի հացադուլից, որը ամենասխալն էր, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ այլ տարբերակներ ուներ: Օրինակ` կարող էր մեծ հանրահավաքներ անցկացրել, ժողովրդին տանել հրապարակային պայքարի կամ էլ ընտրեր թեթեւ հրապարակային պայքարի տարեբարկը, որի ժամանակ պահանջներ դներ իշխանության դեմ` ապամոնոպոլիզացնելու եւ այլն:«Ճնշման շատ ավելի ձեւեր կան, քան խեղճ բարեկամի նման նստել հրապարակում եւ ասել, ես մեղք եմ, սոված եմ»,- նշեց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին եւ Սերժ Սարգսյանին ուղղված նամակին` քաղտեխնոլոգը նշեց, որ «պաշտոնը ենթադրում է կոալիցիա, եթե դու պաշտոն ես ուզում, դու էլ ընդդիմություն չես, ոչ մեկից ոչ մի բան մի պահանջի, ոչ մեկին իրավունք չունես քննադատել, ընդդիմությունը նրա համար չէ, որ պաշտոն ուզի, այլ որ քննադատի, խնդիր բարձրացնի, այդ խնդիրների լուծմանը հասնի, այդպես է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, որը միշտ իրենք սիրում են օրինակ բերել»: «Դու կամ պաշտոն ես ուզում, կամ պահանջ ես դնում, դրանք տարբեր բաներ են, եթե դու պաշտոն ես ուզում, դու դառնում ես կոալիցիայի անդամ, եւ այդ դեպքում գալիս եք ընդհանուր հայտարարի, թե որ պաշտոնները հատկապես: Եթե պաշտոն ես պահանջում մի մարդուց, որի ընտրությունը չես էլ ընդունում, փաստացիորեն այդ քայլով ընդունում նրա ընտրությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով` ելքն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսի պայքարել, ոչ թե գնա սոված մնա: Իսկ թե որը կլինի նախագահի նախկին թեկնածուի հաջորդ քայլը, Կարեն Քոչարյանը չի ասում` պատճառաբանելով, որ «կոֆեի բաժակ» նայող չէ եւ խորհուրդ տալով դիմել Ադիբեկյանին, գուցե վերջինս սոցհարցում անցկացրած լինի:




























