«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլից դուրս գալով եւ մարզեր այցելելով սկսել է պայքարի նոր փուլ` մոբիլիզացնելու քաղաքացիական բանակը եւ պատրաստելու ապրիլի 9-ի իրադարձությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ծառայել է իր նպատակին, համապատասխան մթնոլորտ է ստեղծվել, որի ֆոնին ներկայացվել են պահանջներ Սերժ Սարգսյանին եւ փաստորեն, նա ընդունել է հանդիպելու խնդիրը, իր կողմից եղել է պատասխան:

Մանվել Սարգսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպեն, քանի որ վերջինս դուրս է եկել հացադուլից եւ արդեն պետք է հանդիպեն:

«Ամենահետաքրքիրը այն է, թե ինչպես են հանդիպելու, իհարկե, կհանդիպեն: Սերժ Սարգսյանը ինչ պետք է անի, չի փախչելու, ասել է հացադուլից դուրս արի, կհանդիպենք, հիմա դուրս է եկել, պետք է հանդիպեն»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ ստեղծվել էր փակուղային իրավիճակ, այժմ այդ իրավիճակը գոյություն չունի, եւ Սերժ Սարգսյանը վատ վիճակի մեջ է հայտնվել, այլեւս չի կարող պատճառներ բերել եւ խուսափել հանդիպումից:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, ապա, նրա խոսքով, պաշտոնների հարցը երկրորդական է, կարեւորը նոր ընտրություններն են, եթե դա չլինի, պաշտոնների մասին խոսելն անիմաստ է: Նա հավանական է համարում, որ Սերժ Սարգսյանը կփորձի խուսափել ամեն ինչից թե պաշտոն տրամադրելուց, թե արտահերթ ընտրություններից:

Քննդատություններ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պաշտոններ պահանջելով լեգիտիմացրել է նրա ընտրությունը, ճիշտ չեն: Մանվել Սարգսյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը անգամ դե ֆակտո մնում է նախագահ, բայց կատարում է Րաֆֆի Հովհաննիսյանը ասածը, դա իշխանությունը սահուն հանձնելու պրոցես է:«Եթե այդ պաշտոնները փոխանցում եք ձեր հակառակորդին, դա նշանակում է, որ համաձայն եք իշխանությունը սահուն հանձնելուն»,- նշեց քաղաքագետը: Մանվել Սարգսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի երազանքն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոալիցիա կազմի:

Նրա կարծիքով` ստեղծված հետընտրական իրավիճակից ելքը կորոշի ժողովուրդը:

«Ամբողջ խնդիրը դա է` կա պայքար, թե ոչ, Հայաստանի ժողովուրդն է որոշում` այս ամեն ինչը ընդունելի է իր համար, թե ոչ, եթե ընդհանրապես ընդունելի չէ, կախված է նրանից, թե ինչքանով է ժողովուրդը պատրաստ պայքարելու, եթե պայքարում է, հասնում է արդյունքի, եթե ոչ, արդեն քանի տարի օդից կախված է մնում»,- նշեց նա: