Գյուղի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ իշխանությունը պատկանում է իրեն, եւ ազատ է ընտրել այնպիսի իշխանություն, որը կծառայի իրեն: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Դա անհրաժեշտ է, որ հայրենի գյուղի կենացը խմեն հարազատ տանը, այլ ոչ հեռավոր երկրներում: Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը, իր գաղափարներն ունի: Դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Բայց փետրվարի 18-ին մենք բոլոր միասին` Ուջանում, Արագածոտնի այլ քաղաքներում եւ գյուղերում որոշեցինք` այսուհետ կարեւոր չէ, ՀՅԴ-ից ես դու, թե «Ժառանգությունից», Հայ ազգային կոնգրեսից եւ «Բարգավաճ Հայաստանից»: Ամենից կարեւորը գյուղն է, որտեղ ամեն պահ զգացվելու է պետության շունչը: Գյուղը, որը կարող է ապահովել իր բնակիչներին, նրանց հող մշակելու հնարավորություն տալ: Որպեսզի չլքեն հայրենի եզերքներն ու հիմնավորվեն արտերկրում: Հենց դրա համար էլ փետրվարի 18-ին տվեցին իրենց ձայները»,- ասել է Հովհաննիսյանը:




























