Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրում են 17/05 տեղամասի պարկի պարունակությունը: Քննչական գործողություններն ընթանում են քրգործի շրջանակներում, որ հարուցվել է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների օրը կատարված խախտումների հայտարարության հիման վրա:
Քննչական միջոցառումն իրականացնում է ՀԿԳ քննիչ Հովիկ Հովակիմյանը, հրավիրված են տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանը, ԿԸՀ ներկայացուցիչներ, ընթերականեր, նաեւ լրատվամիջոցներ:
«Լրագրողը հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանն ու «Transparency International» ՀԿ անդամ Նարինե Էսմայելը, որոնց հայտարարության հիման վրա էլ հարուցվել է քրգործը, չեն ներկայացել: Հովիկ Հովակիմյանը նշեց, որ նրանց մասնակցությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Նշենք, որ խախտումները վերաբերել են լրագրողի եւ դիտորդի նկատմամբ բռնություններին, նաեւ` քվեաթերթիկների զանգվածային լցոնմանը:
Պարկի հետազոտումը սկսվել է ժամը 11:10-ին: Փակ պարկի պարունակության ներկայացումից հետո պարկը բացվեց, եւ սկսվեց պարունակության ստուգումը: Պարկում 11 փաթեթ կար, 1 պոլիէթիլենե, մնացածը` թղթե: Քննչական գործողությունն ընթանում է քվեաթերթիկների հետազոտմամբ:




























