Դատարանը դատապարտել է մերձմոսկովյան Դմիտրովում գտնվող փռի սեփականատիրոջը, ում պատկանող օբյեկտում գազի պայթյունից ութ մարդ էր զոհվել: Ռաֆիկ Մարգարյանը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման, պատիժը նա կրելու է բաց տիպի գաղութում:

Քննության տվյալներով, 2010-2012թթ. Ռաֆիկ Մարգարյանը կազմակերպել էր Հայաստանից եւ Տաջիկստանից ապօրինի աշխատուժի տեղափոխում, որոնց հետո ներգրավել էր իր փռի աշխատանքներում: Փռում հեղուկ գազի բալոններ են եղել, 2012թ. փետրվարին գազի արտահոսքի պատճառով պայթյուն էր եղել: Գործարարին դատապարտել են հրդեհային անվտանգության կանոնները չպահելու եւ ապօրինի ներգաղթի հոդվածներով: Նրան առավելագույնը սպառնում էր յոթ տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Գորկի-25 բնակավայրում փետրվարի 19-ի երեկոյան: Պայթյունը որոտացել է երկհարկանի շինության երկրորդ հարկում, որտեղ գտնվում էր փուռը: Պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շենքը: Հրդեհը չեզոքացվել է միայն վեց ժամ անց, այրվող շինությունում եւս յոթ գազի բալոն է պայթել: Երկու մարդ տեղում մահացել է: Փռի բոլոր աշխատակիցները ԱՊՀ-ից ապօրինի ներգաղթածներ են եղել: Ավելի ուշ հրապարակված տուժածների  ցուցակում 9 հայ եւ 2 տաջիկ էին նշված:

Հետաքննության տվյալներով` 17-ամյա Իլհան Մերքազարիմովը` փռի աշխատակիցներից մեկը, զոդման լամպով տաքացրել է գազի բալոնը: Երիտասարդը, որն էլ հավանաբար պայթյունի մեղավորն է դարձել, մարմնի 90%-ի այրվածքներ էր ստացել: Երեք  օր անց նա մահացել է: Նույն օրը Դմիտրովի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Սարգսյան ազգանունով կին: