Ես մեր երկրում սուր ներքաղաքական գործընթացներ չեմ սպասում, կլինի փլուզում, որը կսկսվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թիմից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ով Երեւանի ավագանու ընտրությունների թեկնածու է առաջադրվել «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակով:

«Սերժ Սարգսյանի թիմը պետք է զիջի իր դիրքերը, ես չգիտեմ, թե ով կլինի այն անձը, ում նա կզիջի իշխանությունը, բայց վստահ եմ, որ ներկա իշխանության փլուզման ժամանակն անպայման կգա: Անձամբ Սերժ Սարգսյանն ամեն բան հստակ գիտակցում է եւ նրա թիմն արդեն պատրաստվում է դրան»,-նշեց Մեսրոպ Մովսեսյանը:

Նրա համոզմամբ՝ ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը ժողովուրդը կսկսի գործընթացը, որը կարող է բերել որոշակի փոփոխությունների: «Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ որեւէ բարեփոխում իրականացնել երկրում, քանի որ նա չափից ավելի կախված է իր շրջապատից»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, Մովսեսյանն ասաց. «Ներկա պահին ես սպասման մեջ եմ: Գնահատական կարելի է տալ միայն որոշակի գործընթացներից հետո: Ես այն կարծիքին եմ, որ շարժումն արդեն կայացել է եւ շատ կարեւոր է, որպեսզի որեւէ մեկը չփորձի հանգցնել այն»: Մեսրոպ Մովսեսյանը նաեւ հավելեց, որ հայ ժողովուրդը պետք է օգտագործի Րաֆֆի Հովհաննիսյանին իր նպատակներին հասնելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am