Ժողովուրդը պայքարում է հացի եւ իր երեխաների ապագայի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արթիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Անցել է ժամանակը եւ ժողովուրդն ասում է. «Ես իրավունք ունեմ արժանապատիվ ապրել իմ երկրում՝ առանց կռանալու եւ վիզ ծռելու: Ես իրավունք ունեմ պետություն կառուցել, որտեղ իմ երեխաները լավ կրթություն կստանան եւ արժանապատիվ ապագա կունենան»,-ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գյումրիի ու Շիրակի մարզի հետ միասին, Արթիկի բնակիչներն իրենց հավատն ու հաղթանակաը բերեցին Հայաստանին: «Դուք դարձաք վերելքի այն հարթակը, որին ոչ ոք չէր հավատում բացի ձեզնից եւ ինձնից: Մյուս մարզերն էլ աստիճանաբար իրենց միջից հանում են վախն ու հավասարվում ձեզ»,-ընդգծել է ընդդիմության առաջնորդը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում, պաշտոնական տվյալներով, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին:
Նրա խոսքով՝ նոր երկրում հարկերը չպետք է արգելքի դեր կատարեն, դրանք պետք է ապահովեն պետության եւ օրենքի պաշտպանությունը յուրաքանչյուր մարդու համար: «Մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի փակ դռները բացվեն, որպեսզի մեր հայրենաիկցները, ովքեր լքել են իրենց տները եւ աշխատանք փնտրելու մեկնել Ռուսաստան, Ամերիկա ու Ֆրանսիա, վերադառնան, որպեսզի մեր սեղանին լինի հաց, մեր երեխաները ապահովված լինեն եւ մենք հույսներս չդնենք ինչ-որ մեկի ողորմության վրա, այլ ինքներս կարողանանք վաստակել մեր արժանապատիվ կյանքի համար: մենք լրիվ իրավունք ունենք դա պահանջելու»,-ամփոփել է Հովհաննիսյանը:




























