Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը բազմիցս կոչ է արել ինչպես «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ երկրի ղեկավարությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հարությունյանն այդ մասին ասել է այսօր` ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում` հավելելով, թե, այդուհանդերձ, երկրի ղեկավարությունը կոչերի կարիք չի զգում:

«Ես հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին իր հացադուլի երրորդ օրը: Այժմ բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել»,- ասել է պատգամավորը: Ընդ որում, նա ընդգծել է, թե հենց ուժեղ ընդդիմության առկայությունը կխթանի իշխանությանը կատարելագործվել. «Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը պետք է քննարկեն ուժեղ ընդդիմության ձեւավորման հարցը»:

Հարությունյանը նաեւ նշել է, թե ընդդիմությունը ոչ քաղաքական, ոչ իրավական նախադրյալներ չունի արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու: «Երկրորդ, նախարարական եւ մարզպետական պորտֆելների պահանջը` համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման ակնարկ է: Այդ առումով Սերժ Սարգսյանն ինչ-որ առումոցվ ճիշտ է, երբ ասում է, որ առաջարկները փոքր-ինչ  «հում» են: Այդուհանդերձ, բանակցությունների անցկացումը մնում է ուժի մեջ»,- նշել է նա:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am