Վիրջինյան կղզիները, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սեյշելները, Կիպրոսը այն հիմնական օֆշորներն են, որտեղից ժամանակ առ ժամանակ Հայաստանի տնտեսությունում ներդրումներ են կատարվում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012 թ. այդ երկրներից ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 32 մլն դոլար, որից 20.5 մլն դոլարը բաժին է ընկնում Սեյշելներին:

Սեյշելներից կատարված ներդրումներն ուղղվել են դեպի հեռահաղորդակցություն: Սա որոշ հարցեր է առաջ բերում, քանի որ հեռահաղորդակցության ոլորտում ներդրողների թիվը սահմանափակ է, ու բոլորն էլ հայտնի ընկերություններ են: Անցյալ տարվա «հայտնությունը» միայն «Ռոստելոկոմի» մուտքն էր հայկական ինտերնետային շուկա, սակայն հազիվ թե դա օֆշորի միջոցով կատարված լինի: Չի բացառվում, որ Սեյշելներից կատարված ներդրումը փող լվանալու միջոց լինի:

Ընդհանուր առմամբ` օֆշորներից կատարված ներդրումները 2012 թ. նախորդ տարիների համեմատ զգալի նվազել են: Օրինակ` Կիպրոսից ներդրումները 2012 թ. նվազել են գրեթե 3 անգամ` կազմելով ընդամենը 5.2 մլն դոլար: Նշենք, որ կիպրոսյան ներդրումները վերջին 2 տարիներին հիմնականում ուղղվել են դեպի բանկային եւ հյուրանոցային բիզնես:

Հարկ է նշել, որ Հայաստանի կողմից օֆշոր են ճանաչված նաեւ Լիբանանն ու Շվեյցարիան, ու այդ երկրներից նույնպես զգալի ներդրումներ են իրականացվել` մոտ 55 մլն դոլարի չափով: