Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փաստի առիվ նյութեր են ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը:
Ըստ այդ հոդվածի`քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը.
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի` դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:
Նրա կուսակից ընկեր, ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը ասել էր, որ նախկինում Հրաչ Մուրադյանին տարբեր միջոցներով եւ մեթոդներով ահաբեկելու դեպքեր եղել են. «Այսինքն` սա հանգուցալուծումն էր»,- ասաց նա` չհայտնելով, թե ում կողմից են եղել ահաբեկումները: Արսեն Համբարձումյանը նշել է նաեւ, որ իրավապահ մարմինները տեղյակ էին այդ մասին: Ինչ վերաբերում է գյուղապետի սպանությունն իր գործունեության հետ կապելուն, ՀՅԴ անդամը ասել է. «Մեր երկրի իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էլ որ իր գործունեությունը չէր կարող կապ չունենալ»:




























