Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլայեւը Երեւան-Վան չվերթի սառեցման մասին հայտնի դառնալուց հետո շնորհակալություն է հայտնել Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը։
Թեեւ մինչ Երեւան-Վան չվերթը Հայաստանից ուղիղ թռիչքներ են իրականցվում Թուրքիայի Ստամբուլ, Անթալիա եւ Բոդրում քաղաքներ, ադրբեջանական իշխանությունները Վանի չվերթի հետ կապված տարօրինակ եւ անիմաստ հիստերիա բարձրացրեցին։
Չնայած, որ թուրքական կողմը դեռեւս չի հայտնել, թե Երեւան-Վան չվերթներն ինչ նպատակով են սառեցվել, Թուրքիայի ԱԳՆ-ը շտապում է եզրակացնել, որ այն արվել է իրենց պահանջով եւ գոհունակություն հայտնում Թուրքիային՝ ընդունած որոշման համար։
Ավելի վաղ, Բաքվում Թուրքիայի դեսպանը, ադրբեջանական հիստերիային ի պատասխան, նշել էր, թե պետք չէ ցավագին ընդունել Երեւան-Վան չվերթի իրականացումը, քանի որ այն մասնավոր ընկերությունների նախաձեռնություն է եւ որեւէ կերպ չի ազդում Ադրբեջանի հարցում Թուրքիայի քաղաքականության վրա։
Նշենք, որ Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթը պետք է սկսվեր ապրիլի 3-ից, սակայն թռիչքին օրեր էր մնացել, երբ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը առանց պատճառաբանության սառեցրել է չվերթի իրականացումը։
Արթուր Հակոբյան




























