«Հրապարակը» գրում է, որ թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա:

ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման «ջոկատներ»  ստեղծել, որոնք «արտաքին» եւ «ներքին» հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում` նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. «Սանտիմետրը դնելու՝ գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ` մոնղոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը: Ներսում չենք թողնելու որեւէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղադրելու. մեկը մուտքի, մյուսը՝ հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան` 464 տեղամասում»:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ մայրաքաղաքում 18 դպրոցների տնօրեններ հանրապետական են, միայն մեկն է ԲՀԿ-ական, վարչական ռեսուրսը ՀՀԿ-ի ձեռքում է, ընտրական «տեխնոլոգիաները»` նույնպես, Երեւանն ընդդիմադիր է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ ԲՀԿ-ին, ավելին` այս անգամ, ի տարբերություն խորհրդարանականի, «վերեւներում» «որոշել» են, որ ԲՀԿ-ն փող չի բաժանելու. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին «թույլ տրվեց» փող բաժանել միայն վերջին օրը: «Միեւնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ»,- ասաց քաջատեղյակ ԲՀԿ-ականը: