«Հրապարակը» «Արմավիայի» գրասենյակի աշխատակիցներից մեկից տեղեկացավ, որ իրենց մոտ ներկայումս վաճառված տոմսերի հաշվառում է ընթանում: Այս պահի դրությամբ դեռ ստույգ հայտնի չէ, թե քանի քաղաքացի պետք է հետ ստանա գնված տոմսերը, քանի որ հաշվառման գործընթացը տեխնիկական խնդիրների հետ է կապված:

Մինչ «Արմավիայի» սնանկանալուց տուժած քաղաքացիները ցույցեր են անում, վերջինիս սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը գտնվում է արտերկրում: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ նա այսօր վերադառնալու է Երեւան: Քաղաքում նաեւ տեղեկություններ են շրջանառվում Բաղդասարովին պատկանող բենզագազալցման կայանների վաճառքի մասին, որոնցից Ավետիսովան տեղյակ չէր, քանի որ, ինչպես ինքն ասաց, կապ չունի այդ բիզնեսի հետ:

Մեր տեղեկություններով, ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլիստներին արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել, եւ նրանք մտավախություն ունեն, որ «Արմավիայի» սնանկացումը կանդրադառնա թիմի ճակատագրի վրա: «Միկա Արմենիա» ֆուտբոլային թիմի բարձրագույն լիգայի մարզիչ Արամ Ոսկանյանից փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Նա պատասխանեց, որ թիմը նորմալ հունով պարապմունքներ է անցկացնում: «Կան խնդիրներ, բայց դրանք չեն ազդում մեր մարզական առօրյայի վրա»,- ասաց նա: