Ապրիլի 9-ին Հայաստանի ժողովրդի կամքը չի կոտրվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ինն հայտարարել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ հանդես գալով Աբովյան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Փաշինյանի խոսքով՝ ինքը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ այն բանի համար, որպեսզի իշխանությունը փոխանցվի անձամբ նրան: «Գլխավորն ինձ համար մեր քաղաքացիների ընտրությունը պաշտպանելն է, որը նրանք կատարել են փետրվարի 18-ին»,-ընդգծել է պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ գործող իշխանությունը չի կարող ժողովրդից խլել այդ ընտրությունը: «Ես ուզում եմ Սերժ Սարգսյանին ասել. «Ձեր նստավայրում նստած Դուք չեք կարող անցնել ժողովրդի կամքի վրայով: Չեք կարող կրկին նրանց վզին փաթաթել մի ընտրություն, որը նրանք չեն կատարել: Մենք պայքարելու ենք, որպեսզի ապրենք մեր երկրում եւ չլքենք այն: Կեցցե ազատ Հայաստանը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ երկրում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: