Բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» համար մոտենում է ճշմարտության պահը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այնտեղ ԲՀԿ-ն գերակշռող կուսակցություն է, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
«Յուրաքանչյուրի համար մոտենում է որոշում կայացնելու ժամանակը՝ լինի դա ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, թե արտախորհրդարանական կուսակցությունները: «Բարգավաճ Հայաստանն» էլ բացառություն չէ, այն պետք է որոշի, թե որ կողմում է կանգնում», – ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդ կուսակցությունը, հավելել է նա, հարուստ եւ բարդ պատմություն ունի՝ հարգանքի արժանի եւ երկերեսանության ու գործող իշխանության հետ համագործակցության դրվագներով: «Աբովյանում, որտեղ հաղթեց ժողովրդի ձայնը, եղել են եւ՛ ընտրակեղծիքներին սատարողներ, եւ նրանք, ովքեր օգնել են ժողովրդի քվեն տեղ հասցնել: Նորք-Մարաշում, որտեղ ես ապրում եմ, այդ կուսակցության անդամները ժպտում էին ինձ, իսկ աչքից հեռու խախտումներ կատարում: Վանաձորում հակառակը, իրենց ազնիվ եւ արժանապատիվ էին դրսեւորում: ԲՀԿ-ին կուսակցությանը հարգանքով ենք վերաբերվում, բայց այժմ նրա եւ մնացածների համար ընտրության պահն է մոտենում՝ լինել ժողովրդի հետ կամ հակառակ կողմում», – նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























