Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը որդու դեմ կատարված մահափորձից հետո թիկնապահներ չի վարձել, քանի որ վտանգ չի զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարություն Մանուչարյանը:
Նա համոզված է, որ իր ընտանիքը թշնամիներ չունի եւ կատարվածը զուտ շփոթմունքի արդյունք է, իսկ ազգականը, ով մահափորձի ընթացքում վիրավորվել էր, շարունակում է մնալ հիվանդանոցում, սակայն արդեն քայլում է:
Ավելի վաղ Բերդի քաղաքապետը պատմել էր, որ իրենք Բերդում են ապրում եւ շաբաթ օրը որդին եկել էր Երեւան հարսանյաց հանդիսության մասնակցելու համար եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Իսկ Հարցին, թե հնարավո՞ր է, որ բողոքը հետ վերցնեն, հատկապես, եթե կարծում են, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է, քաղաքապետն արձագանքել էր. «Իհարկե, ոչ: Իմ կարծիքով շփոթմունք է, բայց շփոթմունքի համար էլ են մարդիկ պատասխան տալիս»: Տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանությունը բացահայտել է Բերդի քաղաքապետի որդու դեմ մահափորձը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, թե մարտի 23-ին, ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում եւ շքամուտքում դեռեւս չպարզված հրազենով կրակել են 27-ամյա Անուշավան Մ.-ի եւ 40-ամյա Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ եւ 5.6 մմ տրամաչափի 3 պարկուճ եւ 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Բեգլար Հ.-ն եւ 30-ամյա Հրանտ Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների եւ «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով: Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության:




























