20-ամյա Թովմաս Վարդանյանը 100 հազար դրամ գումարը չվերադարձնելու համար փորձել է սպանել պարտատիրոջը՝ Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ն.-ին: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ն.-ն Թովմաս Վարդանյանից պահանջել է վերադարձնել 100 հազար դրամ գումարը, որից հետո վերջինս շահադիտական դրդումներով որոշել է սպանել նրան: Այդ նպատակով Թովմասն Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, այն ավարտին հասցնելու նպատակով, երիտասարդը ձեռքերով փակել է նրա շնչառական ուղիները` փորձել է շնչահեղձ անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հայկանուշ Ն-ն ուշագնաց է եղել եւ նա մտածել է, թե կինը մահացել է եւ հեռացել է դեպքի վայրից:
Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով): Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























