Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի Իսրայել այցելությունը չի կայացել, որովհետեւ Իսրայելի ոչ մի պետական պաշտոնյա չի ցանկացել նրան ընդունել: Նշենք, որ ըստ 1news.az-ի, Իսրայելում շատ հայտնի քաղաքական գործիչ Իոսիֆ Շագալը, ով Կնեսետի նախկին պատգամավոր է եղել, իսկ ներկայումս «Իսրայել-Ադրբեջան» ասոցիացիայի նախագահն է, հայտարարել է, որ Իսրայելի ոչ մի պետական պաշտոնյա չէր պատրաստվում հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, դրա համար էլ նա չի այցելել Իսրայել:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնավոր այցը Իսրայել չի կայացել Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի վատառողջության պատճառով»,- նշել է Ա. Անանյանը:

Ինչ վերաբերում է հայկական մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ եղած ժամանակ փողերի լվացմամբ է զբաղվել, եւ դա է պատճառը, որ նա խուսափել է Իսրայել այցելությունից, քանի որ կարող էր այնտեղ ձերբակալվել դրա համար, Արամ Անանյանն ասաց. «Մամուլում տեղ գտած նման ասեկոսեները բացարձակ սուտ են, ունեն բացառապես քաղաքական բնույթ եւ պարզ է, թե ինչ նպատակ են հետապնդում»: