Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր մարտի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հաղորդագրության մեջ արդեն հերթական անգամ սխալ է ներկայացնում FAO-ի (ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպություն) պարենային գների ինդեքսը:
Նմանատիպ անճշտություններ թույլ էին տրվել նաեւ 2012 թ. նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ: Ու ընդհանրապես` պարենի միջազգային գների գնահատման հարցում ԿԲ հաղորդագրությունները հեռու են բավարար ու հավաստի լինելուց, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք: Պարզապես զարմանալի է, թե ինչպես է այդ հեղինակավոր կառույցը սխալ տվյալներ մուտքագրում իր հաղորդագրություններում: Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի հիմնական կարգավորիչ գործիքներից է, եթե ոչ` ամենահիմնականը, ուստի սխալ տվյալներով այդ հաղորդագրություններն արժեզրկելն անթույլատրելի է:
Մեջբերենք ԿԲ ապրիլի 5-ի հաղորդագրության այն հատվածը, որը վերաբերում է FAO-ի ինդեքսին. «Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 7-ին հրապարակված պարենի գների ինդեքսը 2013 փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0.12%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.5%-ով: Առաջին եռամսյակի արդյունքներով գնահատվում է հացահատիկի գնի աճ 10.0% (տ/տ աճը` 14.8%) եւ շաքարավազի գնի աճը 5% (տ/տ 25.0% նվազում)»:
Այս պարբերությունում ներկայացված թվերի մեծ մասը EAO-ի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության հետ որեւէ առնչություն չունի:
Այսպես` FAO-ի մարտի 7-ին հրապարակած հաղորդագրության մեջ պարենային գների ինդեսքը փետրվարին գնահատված է 210, որը հունվարի համեմատ փոփոխություն չի կրել: Ավելի ճիշտ` առկա է ոչ էական նվազում` 210.4 կետն իջել է մինչեւ 210.2 կետի, որն ընդամենը 0.09 % փոփոխություն է, ու FAO-ի հաղորդագրության մեջ ներկայացվում է որպես «անփոփոխ» ցուցանիշ: Թե որտեղի՞ց է ԿԲ-ն վերցրել «0.12% նվազում» ցուցանիշը` անհայտ է:
Առավել կոպիտ սխալ են հացահատիկի ու շաքարավազի գների վերաբերյալ ԿԲ տեղեկությունները: Նախ` FAO-ն չի տալիս գների եռամսյակային փոփոխությունների ինդեքսներ: Ու երկրորդ` ինչպե՞ս է ԿԲ-ն հաշվարկել եռամսյակային փոփոխություններ, եթե երրորդ ամսվա տվյալները հրապարակված չեն: Իսկ փետրվարի արդյունքներով, ըստ FAO-ի, հացահատիկն ու շաքարավազը նախորդ ամսվա համեմատ ոչ թե թանկացել են, այլ էժանացել են: Այսպես` հացահատիկային գների ինդեքսը փետրվարին կազմել է 245, որը նվազել է հունվարի ինդեքսի նկատմամբ մոտ 1%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ առկա է 8% աճ:
Շաքարավազի վերաբերյալ FAO-ն նշել է, որ փետրվարին առկա է 3% գնանկում հունվարի համեմատ, ու ընդհանրապես` 4 ամիս շարունակ շաքարավազն էժանանում է, ու դեռ առաջիկայում էլ կարող է էժանանալ: Պարզապես զարմանալի է` որտեղից է՞ ԿԲ-ն վերցրել շաքարավազի թանկացման մասին տեղեկությունը: Իսկ գուցե ԿԲ-ում որոշ մարդիկ շահագրգռված ե՞ն, որ հայկական շուկայում շաքարավազը թանկանա, ու միտումնավոր սխալ ազդակներ են հաղորդում:
Կարծում ենք` նման սխալների կրկնություններն այլեւս անթույլատրելի են:
Սամվել Ավագյան




























