«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանին՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ հունվարի 19-ին կայացրած վճիռը եւ արդարացնել Փաշինյանին:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք Վերաքննիչից պահանջել են բեկանել նաեւ 316 հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) Փաշինյանին արդարացնելու վճիռը՝ մանրամասնելով, որ դատավոր Մարտիրոսյանը արդարացրել էր՝ այդ հոդվածով ապացույցների անբավարարության հիմքով, սակայն Փաշինյանը պետք է արդարացվեր հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»):