Այսօր` ապրիլի 6-ի առավոտվանից, Երեւանի կենտրոնական որոշ փողոցների երթեւեկությունը կաթվածահար է եղել (ֆոտոռեպորտաժ):

Մասնավորապես, որոշ ժամանակ փակ էր Օպերայի շրջակայքը, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները, ինչպես նաեւ Մոսկովյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցները: Այս փողոցներում կանգնած են Ճանապարհային ոստիկանության մեքենաները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Երեւանի կենտրոնի որոշ փողոցներում գծանշումներ եւ այլ աշխատանքներ են կատարվում:

Մեր տեղեկություններով` ճանապարհների փակ լինելը ոչ միայն պայմանավորված է գծանշման աշխատանքներով, այլեւ սպասվող պատվիրակության այցով, ինչպես նաեւ հեռուստատեսություններից մեկն էլ ֆիլմ է նկարում Մաշտոցի պողոտայում:

Ի դեպ, Երեւանի կենտրոնական փողոցներում անցորդները նկատել են ուղղաթիռ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակ լինելու պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am