Ռուսաստանի ռադիոհաճախականությունների պետական հանձնաժողովը փետրվարի 19-ին որոշել է հատկացնել 1710-1785 մեգահերց եւ 1805-0855 մեգահերց ռադիոհաճախականությունները ինքնաթիռներում GSM բջջային կապի միկրոցանցերի կազմակերպման համար: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ նկատելով, որ բազային կայանները, որոնք տեղադրվելու են ինքնաթիռներում, աշխատելու են միայն երեք հազար մետրից ավել բարձրության վրա: Եթե բարձրությունն ավելի ցածր լինի, կայանները ինքնաբերաբար կանջատվեն՝ ցամաքային ծառայությունների համար խնդիրներ չհարուցելու նպատակով:

Ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ հաճախականությունների տրամադրման դեպքում առաջին ռուսաստանյան փոխադրողը, որը կապահովի բջջային կապը, լինելու է «Աէրոֆլոտը»: Ընկերությունը պատրաստ է փորձարկել դա իր երկու օդանավերում՝ բջջային կապի օպերատորներից մեկի հետ:

Ինչպես NEWS.am-Ինովացիայի թղթակցին հայտնեցին Հայաստանում «Աէրոֆլոտի» ներկայացուցչությունում, դեռ հրահանգ չկա օգտագործել բջջային կապը «Աէրոֆլոտի» օդանավերում: «Եթե ընկերությունը գործարկի այդ ծառայությունը, այն կգործի բոլոր երկրներում, որտեղ դա չի հակասում օրենսդրությանը»,- նշեցին ավիաընկերության ներկայացուցչությունից:

Նշենք, որ բջջային կապը օդանավում աշխատում է բազային կայանների միջոցով, որոնք միացված են արբանյակային կապի համակարգին: Նման ծառայություն արդեն մատուցում են այլ ընկերություններ, ինչպիսիք են Delta, Air France, Lufthansa, Emirates եւ ուրիշներ: 2008թ. այդ կապերում ռոումինգն ապահովում է «Վիմպելկոմ» ընկերությունը:

«Վիմպելկոմի» ներկայացուցիչը ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը շահագրգռված է ինքնաթիռներում կապի ծառայություններ մատուցելով:

«ԱրմենՏելի» («Վիմպելկոմի» 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկության) մամուլի ծառայությունից NEWS.am-Իննովացիայի թղթակցին հայտնեցին, որ եթե «Աէրոֆլոտ» եւ «Վիմպելկոմ» ընկերությունները համագործակցեն ինքնաթիռներում GSM կապի շուրջ, եւ ծառայությունը կենտրոնացված լինի, կապը կտրամադրվի ավիաընկերության բոլոր ուղեւորներին: