«Արմավիայի» սնանկացման հետ կապված դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս օդային ուղեւորափոխադրումների տոմսերի թանկացում այս պահի չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

«Այդպես է որոշված, որ տոմսերի գները մնալու են նույնը, չեն փոխվելու»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե հետագայում տոմսերի գները բարձրանան, դրանք հնարավոր է պայմանավորված լինեն այլ գործոններով: ««Արմավիայի» սնանկ հայտարարվելը կապ չունի, այս պահին տոմսերի գները մնում են նույնը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Աերոֆլոտ»  ընկերության` տոմսերը 80 եվրոյով թանկացնելու մասին, տեղեկություններին Նելլի Չերչինկյանը նշեց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել: Նա կարծիք հայտնեց, որ միգուցե դա պայմանավորված լինի մոսկովյան օդանավակայանային ծախսերի հետ: 

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր , որ «Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց` ապրիլի 2-ին`օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով: Մեզ չհաջողվեց «Աերոֆլոտից» մեկնաբանություն ստանալ, քանի որ նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Նշենք, որ 1996թ. ստեղծված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել: