Հայաստանում այսօր` ապրիլի 7-ին, նշում են Մայրության եւ գեղեցկության օրը: Ժամանակակից Հայաստանում այն ազգային, բայց ոչ պաշտոնական տոն է, որն ամփոփում է կանանց, այսպես կոչված, մեկամսյակը` մարտի 8-ից ապրիլի 7-ը:

Համաձայն Աստվածաշնչյան գրերի` ապրիլի 7-ին պահապան հրեշտակները Աստվածամորը հայտնել են, որ նա 9 ամսից կմայրանա: Այդտեղից էլ այս օրը դարձել է Ավետիս: Դարեր շարունակ այն Հայաստանում եւ հայկական սփյուռքում նշվում է իբրեւ Կնոջ, մոր, գեղեցկության եւ գարնան օր: Այդ օրը տղամարդիկ նվերներ են հանձնում իրենց մայրերին, քույրերին, կանանց եւ սիրելի ընկերուհիներին:

Ի դեպ, Մայրության եւ գեղեցկության տոնն այս տարի նաեւ «քաղաքական» է: Այսօր Հայաստանում մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, այն կավարտվի մայիսի 3-ին: 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:

NEWS.am-ի խմբագրությունը շնորհավորում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին` տոնի կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն, սեր եւ հաջողություններ` անկախ քաղաքական անցուդարձերից եւ բոլոր ընտրություններից: