Երեւանի կոնյակի գործարանը 2013 թ. պատրաստվում է ռեկորդային ծավալով խաղող մթերել՝ մոտ 35 հազ. տոննա: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Այսպիսով՝ կգերազանցվի նախաճգնաժամային 2008 թ. մթերած 32 հազ. տոննա ցուցանիշը:

Խաղողի մթերումներն ավելի արդյունավետ դարձնելու համար ԵԿԳ-ն պատրաստվում է գյուղացիներին առաջարկել 7-ամյա պայմանագրեր: Արդեն այս տարի նմանատիպ 413 պայմանագիր կկնքվի, այնուհետ դրանց թիվը կհասցվի 2500-ի: Առաջին պայմանագիրն այսօր լրագրողների ներկայությամբ կնքվեց Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի ֆերմեր Գնունի Անտոնյանի հետ, ով 14 հա խաղողի այգի ունի: Պայմանագրով նախատեսվում է, որ 7 տարվա ընթացքում ԵԿԳ-ն կմթերի գյուղացու ողջ խաղողը՝ նվազագույնը 1կգ/130 դրամ գնով: Սակայն Արա Գրիգորյանը չբացառեց, որ խաղողի մթերման գինը կարող է նաեւ բարձրացվել այս տարի:

ԵԿԳ տնօրենի պարզաբանմամբ՝ 1կգ/130 դրամ գինը խաղողի համար բարձր է, այդ գնից դժգոհում են միայն այն գյուղացիները, որոնց մոտ բերքատվությունը բարձր չէ: Մեծամասամբ խաղողի բերքատվությունը Հայաստանում 1հա-ից 8 տոննա է, այնինչ դա կարելի է հասցնել մինչեւ 20-25 տոննայի: Սակայն նման բերքատվություն ապահովելու համար հարկավոր է ներդրումներ անել, շատ գյուղացիներ, Ա. Գրիգորյանի խոսքով. «իրենց պապի հիմնած այգիներն են դեռ մշակում»:

Ի դեպ՝ 7-ամյա պայմանագրերը գյուղացիների համար կդյուրինացնեն բանկերից վարկի ստացումը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am