Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է զբաղվել ավիատոմսերի թանկացման խնդրով: Այդ մասին այսօր` ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ՏՄՊՊՀ 2013թ. տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելիս:
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ լրատվամիջոցներից, որ որոշ ավիաընկերություններում գնային փոփոխություններ են ընթանում, եւ արդեն առավոտյան հանձնարարել եմ զբաղվել այդ խնդրով»,-ասաց Ա. Շաբոյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտակ Շաբոյանին առաջարկեց հնարավորության սահմաններում արագ լուծում տալ հարցին:
Նշենք, որ ավիատոմսերի թանկացումն սկսել է ապրիլի 1-ից «Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից հետո: Զգալի թանկացել են Դուբայ, Կրասնոդար, Մոսկվա եւ Ռուսաստանի այլ քաղաքներ տոմսերի գները: Ըստ էության` ռուսական ավիաընկերությունները օգտվում են իրավիճակից ու փորձում են գերշահույթներ ստանալ:
Մասնավորապես` Երեւան-Մոսկվա չվերթի տոմսը 103 հազ. դրամից հասել է մինչեւ 150 հազարի, Երեւան-Կրասնոդարը` 75 հազ. դրամից` մինչեւ 140 հազարի, Երեւան-Դուբայ տոմսի արժեքը 140 հազարից հասել է մինչեւ 170 հազարի: Գների թանկացումը կոծկելու համար ավիաընկերությունները վաճառքի են հանել միայն պրեմիում կարգի տոմսեր` գործնականում հրաժարվելով բիզնես կարգի տոմսերի վաճառքից:




























