Հայաստանի եւ Ռուսաստանի ավիափոխադրողները հայկական շուկայում գտնվում են անհավասար պայմաններում: Այսօր` ապրիլի 8-ին նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա հիշեցրել է, որ 2009թ. Հայաստանի քաղաքավիացիայի գլխավոր վարչությունը ռուսական կողմի հետ համաձայնագիր էր ստորագրել օդային փոխադրումների շուկայի ընդլայնման վերաբերյալ: Պայմանագիրը խախտեց նախկինում գործող պարիտետի սկզբունքը:

«Նախկինում Հայաստանից Ռուսաստան թռչում էր մեկական ընկերություն յուրաքանչյուր երկրից ` «Արմավիան» եւ «Աէրոֆլոտը»: Իսկ ստորագրումից հետո հայկական շուկա մտավ եւս վեց ռուսական ընկերություն (այժմ 5-ն են): Արդյունքում, օրինակ, Ռոստովից Երեւան են թռչում շաբաթական 7 անգամ, ինչը չափազանց շատ է այդ քաղաքի համար»,- ասել է Մուրադյանը: Նրա խոսքով, դա անհավասար պայմաններ է ստեղծում հայկական ավիաընկերությունների համար: «Ուստի մեր բիզնեսի շահերի համար պետք է բանակցել Ռուսաստանի հետ եւ պարիտետի սկզբունք մտցնել ՌԴ կոնկրետ քաղաքների համար»,- ասել է փորձագետը: