«Ձեր ասածները դեմագոգիա ու պոպուլիզմ են, որեւէ առնչություն չունեն մրցակցության հետ»,- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսպես արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին` ՏՄՊՊՀ 2013 թ. գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ:

«Դուք մի հատ վերլուծություն կատարե՞լ եք, համեմատություն կատարե՞լ եք, թե աշխարհում շաքարավազի գինը որքան է, Հայաստանում` որքան: Մենք անցյալ տարի այդ վերլուծությունը կատարել ենք, աղյուսակ էինք տվել, որ մի հատ ուսումնասիրեիք` կհամոզվեիք, որ այսօր շաքարավազը մեր հանրապետությունում վաճառվում է նվազագույն ցածր գնով: Կգաք` կուսումնասիրեք այդ փաստաթղթերը, բայց հետո ներողություն կխնդրեք»,- հայտարարեց Ա. Շաբոյանը:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ա. Շաբոյանը միտումնավոր թաքցնում է մենաշնորհներին` հերքելով, որ շաքարավազի շուկայում մենաշնորհ կա:

Ա. Շաբոյանի կշտամբանքներից զերծ չմնաց նաեւ Հրանտ Բագրատյանը: «Զարմանալի է, որ տնտեսագետ եք, բայց այդպիսի տրիվիալ հարց եք բարձրացնում»,- Ա. Շաբոյանը դիմեց Հ. Բագրատյանին, այնուհետեւ ասաց, որ շաքարավազի գործարան կառուցելու համար 100 մլն դրամի ներդրում է կատարված, ու գործարանի արտադրական հզորությունները շատ ավելին են, քան մեր երկրի պահանջարկը, հետեւաբար` երկրորդ գործարանի կառուցումը աննպատակահարմար է: 

Այս վիճաբանությանը միջամտեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը` Ա. Շաբոյանին խնդրելով պատգամավորների նկատմամբ լինել ավելի կոռեկտ ու հարգալից:

Ն. Փաշինյանը ի պատասխան հայտարարեց, որ Ա. Շաբոյանը մոռանում է` որտեղ է գտնվում եւ չափն անցնում է: Հ. Բագրատյանն էլ պնդեց, որ շաքարավազը Հայաստանում ավելի թանկ է, քան Ուկրաինայում եւ Ռուսաստանում:

Վիճաբանությունը փակելու համար միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտարարելով, որ ցանկացած ոք ցանկության դեպքում կարող է Հայաստանում շաքարավազի գործարան կառուցել: