Մարտի 8–ից ապրիլի 7-ն անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։ Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
Ակցիայի անցկացման 30 օրերի ընթացքում անվճար բուժծառայություն ստացած, այդ թվում նաեւ վիրահատված կանանցից բացի, դեռեւս կան նաեւ հերթագրվածներ։ Հանձնարարվել է ակցիան ամբողջությամբ ավարտել հերթագրված բոլոր կանանց նախատեսված բուժծառայությունները լիարժեքորեն տրամադրելուց հետո միայն։
Ապրիլի 7-ից, նաեւ եղանակային բարենպաստ պայմաններով պայմանավորված, Երեւանում գործարկվել են շատրվանները։ Հանձնարարվել է ամենօրյա հետեւողական հսկողություն սահմանել շատրվանների եւ, ընդհանրապես, բոլոր ջրային կառույցների անխափան շահագործման ուղղությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում մեկնարկած փողոցների ու բակային տարածքների ասֆալտապատման տարեկան ծրագրի հետ կապված՝ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, տեխնիկական չափորոշիչները վերասկող մասնագետների աշխատանքին զուգահեռ, ամենօրյա հսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների որակի ու ժամանակացույցի նկատմամբ։ Հանձնարարվել է նաեւ միջոցներ ձեռնարկել 2012 թ. կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերված թերությունները ասֆալտապատող կազմակերպությունների միջոցներով արագ վերացնելու համար։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել մայթերին ու սիզամարգերում ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ։
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաեւ զեկուցվել է, որ այս շաբաթվա ընթացքում իրականացվելու է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը համալրող եւս 7 երթուղիների սպասարկման համար մրցույթ։ Հանձնարարվել է հետեւողական լինել երթուղիների սահմանված ժամանակացույցի պահպանման հարցում:
Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում շարունակվում է WiFi համակարգի ընդլայնումը։ Ընթացքի մեջ են եւս 100 ավտոբուսներում GPS սարքերի տեղադրման աշխատանքները։
Բակերի բարեկարգման ծրագիրն ավելի ամբողջական ու համակարգված իրականացնելու նպատակով հանձնարարվել է կամարանցումների նկարազարդման ծրագիրը կատարել բակերի բարեկարգմանը զուգահեռ։ Զեկուցվել է, որ արդեն ընթացքում են էսքիզների քննարկումները։
16–րդ թաղամասում եւս մեկ շենք է գազիֆիկացվել։ Զեկուցվել է, որ մեկ այլ շենքում ավարտվել են օդափոխության ուղիների ապահովման աշխատանքները եւ եւս երկու շենք պատրաստ է գազիֆիկացման։
Ապրիլի 14–ին հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ անհրաժեշտ քանակության ու տեսակի ծառերը արդեն Երեւանում են։ Հանձնարարվել է ծառերը բաշխել նաեւ պետական ու մասնավոր այն բոլոր կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են աջակցելու Երեւանի կանաչապատմանը։



























