Մասնակցելով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին` «Առաքելություն» կուսակցությունը նպատակ է հետապնդում օգտագործել իր ողջ պոտենցիալը հանուն մայրաքաղաքքի կայուն եւ համաչափ զարգացման: Այդ մասին ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ իրենց կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված անձանց թիվն էական չէ, եւ անկախ ակնկալվող ձայներից, «Առաքելություն» կուսակցությունը ներկայացնելու է քաղաքային խնդիրների լուծման ուղիները:
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Մանուկ Սուքիասյանը, իր հերթին, նկատել է, որ ցուցակում 28 անձանց ներկայությունը լիովին նորմալ է, քանի որ կուսակցությունը, որ իրենք ներկայացնում են, վերջերս է ստեղծվել: «Ցանկում երիտասարդներ են, շատ են աղջիկները, գործազուրկներ չկան»,- նշեց Սուքիասյանը` հավելելով, որ դրանք կուսակցության համար կարեւոր չափորոշիչներ են: «Առաջին անգամ մենք փորձում ենք մեր ծրագրերը ներկայացնել լայն հասարակությանը»,- ամփոփել է Սուքիասյանը:




























