Մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Ազգային Ժողովի հատուկ նիստը (ֆոտոռեպորտաժ): Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նիստի քվորումն ապահովված է, քանի որ նիստին մասնակցում են 92 պատգամավորներ:

ԱԺ նախագահը հանդիսավոր նիստը հայտարարեց բացված, ինչից հետո դահլիճ բերվեցին Հայաստանի պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը, 7-րդ դարի Վեհամոր Ավետարանն ու նախագահական իշխանության խորհրդանիշը:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը ամբիոնից հնչեցրեց ՀՀ Նախագահի` Սահմանադրությամբ ամրագրված երդման տեքստը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Այնուհետեւ ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը 2008թ. ձեւավորված ավանդույթի համաձայն կայցելի Եռաբլուր պանթեոն: Աստեղ նրան ուղեկցելու են «Փոքր ՄՀեր» եւ «Մոնթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանների լավագույն կուրսանտները: Սերժ Սարգսյանը ծաղիկներ կդնի Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԶորավարԱնդրանիկ Օզանյանի շիրիմներին: Առաջին անգամ կտրվի հրետանային համազարկ:

Ազգային հերոսների հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա նախագահի նստավայր, որտեղ ռազմական շքերթից հետո կընդունի կառավարության հրաժարականը: