Քիչ առաջ նախագահական նստավայրում վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Կառավարության հրաժարականը: Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենց համար մեծ պատիվ էր աշխատել Սերժ Սարգսյանի հետ: «Ես ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում մեր թիմը փորձել է կատարել ձեր կողմից դրված բոլոր խնդիրները:Մենք ունեցել ենք դժվար օրեր, ոչ միայն հաջողություններ, այլեւ դժվարություններ եւ սխալներ»,- ասել է վարչապետը: Նա շեշտել է, որ Սերժ Սարգսյանի փորձը, գիտելիքները, մարդկային հատկանիշները հույս են ներշնչում, որ «մեր պետությունը զարգանալու է, եւ մենք ունենալու ենք նոր վերելքներ եւ հաղթանակներ»:
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը ստորագրել է առաջին հրամանագիրը` ընդունելով Կառավարության հրաժարականը` խնդրելով նրա անդամներին աշխատել մինչեւ նոր Կառավարության ձեւավորումը: Նա շնորհակալություն է հայտնել Կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար` համոզմունք հայտնելով, որ համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ:
«Մեծարգո պարոն վարչապետ եւ կառավարության անդամներ ընդունելով կառավարության հրաժարականը, ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ: Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում եւ լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ:
Դուք դիմագրավել եք մարտահրավերներին, եւ դա Ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ծառայելու եք մինչեւ Ձեր խոր ծերություն, որովհետեւ կոչումը ծառայել ժամանակավոր չի լինում, որովհետեւ ծառայել ձեզ համար, մեր բոլորիս համար նշանակում է ապրել: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի, որ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով Ձեր լավագույն ավանդույթները անպայման կկատարի իր առջեւ դրած խնդիրները: Իսկ դրանք բազմազան են: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապես նշել է նախագահը:































