Այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային  խորհրդակցությունը:

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը եւ ԱՊՀ երկրների, Վրաստանի եւ Բալթիայի Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն:

Ինչպես նշել է «ՀԿԵ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել մի շարք բարդ տեխնիկական եւ կազմակերպչական հարցեր, գնացքների չվացուցակները, մշակել համակարգված գործողություններ եւ դիրքորոշումներ գործունեության տարբեր բնագավառներում:

Խոսելով ՀԿԵ-ի գործունեության մասին` Վիկտոր Ռեբեցն ընդգծել է, որ երկաթուղու աշխատանքում առանցքային է հանդիսանում ենթակառուցվածքի  զարգացումն ու արդիականացումն՝ ուղեւորների եւ բեռների 100%-նոց  ավտանգության ապահովման համար:

ԱՊՀ երկրների, Վրաստանի եւ Բալթիայի երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն իր հերթին ասել է, որ խորհրդակցության մասնակիցները քննարկելու են հարագործակցության զարգացումը մի շարք երկրների երկաթուղիներոմ անցնող բարեփոխումների լույսի ներքո: Նա նաեւ արձանագրեց Հայաստանի երկաթուղու զարգացումն՝ ընդգծելով, որ ՀԿԵ-ի աշխատանքի շնորհիվ էապես բարձրացել է գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակը, միջազգային եւ տեղական գնացքների ուղեւորների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ:

Կուչերենկոյի խոսքով, ՀԿԵ-ում գործում են մի շարք կառույցներ, որոնք բացակայում են այլ երկաթուղիներում՝ օրինակ, ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոնը:

Երեւանում անցնող խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի ներկայացուցիչները:

Նիստը կավարտվի ապրիլի 10-ին: