Վերադառնալով Ազատության հրապարակ` Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ելույթ է ունեցել իր մի քանի հարյուր ամենապինդ կողմնակիցների առջեւ, որոնք շարունակում են մասնակցել ակցիաներին անձրեւի եւ քամու տակ:

Հովհաննիսյանը բացել է փակագծերը,թ ե ինչ է անելու երեկոյան: Նա նշել է, թե հրաժարվում է կողմնակիցներին Բաղրամյան պողոտա տանելու մտքից:

«Թող Բաղրամյան 26-ը կորչի գրողի ծոցը: Մենք այսօր կգնանք ոչ թե Բաղրամյան պողոտա, այլ Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վաղը Հայաստանը կվերախնվի, իսկ այսօր մենք աղոթքով եւ մոմերով կբարձրանանք Ցեղասպանության հուշահամալիր, որը միաժամանակ մեր վերածննդի խորհրդանիշն է»,- ասել է Հովհաննիսյանը:

Ըստ էության, դատելով ընդդիմադիր գործչի ելույթներից, բողոքի որեւէ ակտիվ ակցիա չի սպասվում: Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ժամը 18-ին հրավիրել է Ազատության հրապարակ` ներողություն խնդրելու կեղծիքների համար:

Ըստ Հովհաննիսյանի, եթե նրանք չանեն դա, առաջիկա ամիսներին կդառնան լուրջ ներքաղաքական գործընթացների ականատեսը, եւ ժողովուրդը կվերադարձնի իշխանությունը: Ելույթից հետո, ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մարդիկ ցրվել են Ազատության հրապարակից: