Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, որի հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ են զոհվել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մարտի 9-ին, Ռուսաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած օդանավի ուղեւորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են Մոսկվա:
Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար . բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 համարանիշի եւ «Վոլվո» մակնիշի B212BO12 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։
Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել»-ի վարորդ, 47-ամյա Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշինսկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։
Դժբախտ պատահարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ` Զուրաբ Ավագյանը, 50-ամյա Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։
Մյուս զոհերի ինքնությունը պարզվում է:





























