Երեւանի տաքսիստները հերթական անգամ բողոքել են գազալցակայաններում վաճառվող գազի որակից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի տաքսիստներ նշել են, որ մարտի վերջին տասնօրյակում գազի որակից գոհ են եղել, բայց ապրիլի սկզբից նույն տարայի գազի պարունակությամբ 30-40 կմ ավելի քիչ տարածություն են վարել: Միաժամանակ, գազի գինը մնացել է նույնը (2500-3000 դրամ):

«Նախկինում ասենք մեկ խմ գազը բավարարում էր 180 կմ վարելու համար, իսկ հիմա՝ առավելագույնը 150 կմ: Հարցնում են գազալցակայանի աշխատակիցներին, թե «ինչո՞ւ եք այդպես անում, երկու օր առաջ նորմալ լիցքավորել եք», իսկ նրանք պատասխանում են. «Չգիտենք ինչումն է բանը, լիցքավորում ենք նախկինի պես»,-պատմեց տաքսիստներից մեկը՝ Ռուբենը:

«Ինչպես ուզում անում են: Ուզենան, ցածր ճնշմամբ կլիցքավորեն, ուզենան գազը կտաքացնեն, որպեսզի ծավալն աճի: Գին բարձրացնելու նոր միջոց է: Նայում ես, գազը նույնն է, բայց իրականում քիչ է»,-ասել է տաքսիստներից Արշակը:

Նշենք, որ վերջին երկու տարում Հայաստանում գազի գինը չի աճել: