Հայաստանում 2012թ. տարեվերջից նկատվում է մսամթերքի սպառման անկում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղի մսակոմբինատներից մեկի ներկայացուցիչը: Նրա խոսքով` մինչեւ 10% անկումը կարող է կապված լինել բնակչության իրական եկամուտների նվազման, ինչպես նաեւ արտագաղթի հետ: «Պատճառը մենք դեռ չենք կարողանում հասկանալ, սակայն
2012թ. տարեվերջին սպառման ծավալն ավելի քիչ էր, քան 2011 թ-ին»,-ասաց նա: Այս պայմաններում մսակոմբինատները զուտ մսով աշխատել չեն կարող. նման ապրանքատեսակների արժեքը բարձր է միջին գնողունակությունից: Առանց հավելումների երշիկն այսօր 3 – 3.5 հազար դրամից պակաս չի կարող լինել: «Մենք ունենք ապխտած երշիկեղեն, որտեղ օգտագործվում է միայն միս եւ համեմունքներ եւ միայն թանկ ապրանքով աշխատելը դժվար կլինի»,-նշեց նա:
Տեղական երշիկեղենում մսի բացարձակ նվազագույն չափը 16% է, ինչի մասին 2012 թ. վերջին հայտարարել էր պետական մարմիններից մեկը: «Մեր դեպքում 1400-1500 դրամանոց ամենաէժան երշիկեղենում մսի նվազագույնը կարող եմ ասել 45 - 50% է», -ասաց նա: Մսի հումքի մանրածախ գինը 2500 դրամ է, կոմբինատներին տրվում է ընդամենը 200-300 դրամով էժան: Չի փրկի նաեւ գոմեշի միսը, որոնք ներկրողները մսակոմբինատներին հանձնում են 1700 – 1800 դրամով:



























