«Հրապարակը» գրում է. «Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուրդն է ասում` «էշից ընկած» էր. լրագրող տեսնելով, նախարարները «մարշ-բրասոկի» էին դիմում: Իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում՝ մնալո՞ւ եք ձեր պոստում, թե՞ ոչ: Ոչ մեկը կարծիք չուներ:

Մեր տեղեկություններով` նրանցից որեւէ մեկի հետ ոչ ոք չի խոսել. բոլորն էլ սպասողական վիճակում են: Տեսակետ կա, որ կառավարության վերջնական կազմը հայտնի կլինի ավագանու ընտրություններից հետո: Ավելին` խորհրդարանի միջանցքներում երեկ ՀՀԿ-ականները տեսակետ էին հնչեցնում, որ հնարավոր է նույնիսկ նոր կառավարությունը ծրագիրը բերի, իրենք չհաստատեն` ժամանակ շահեն, մինչեւ ավագանու ընտրություններից հետո քաղաքական դասավորությունը վերջնականապես պարզ դառնա, ու կառավարության կազմը նշանակվի:

Նախորդ օրը հարց ուղղեցինք Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ մնալո՞ւ եք Ձեր պոստում: «Չգիտեմ, ոչինչ չգիտեմ»,- ասաց նա: «Բայց Ձեր աչքերի մեջ ներքին անորոշություն ու տագնապ կա` ապագայի հետ կապված»: «Իսկ Ձեր աչքերի մեջ Ձեր հնչեցրած հարցերի պատասխանը կա կարծես»,- իրեն չկորցնելով՝  հակադարձեց Գ. Խաչատրյանը: