Երեկ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
««Երեւանյան հեռանկարներ» փառատոնի բացումն էր, որ նշանավորվեց համաշխարհային երաժշտական հսկաներից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:
Նվագախումբն այն սկսեց Հայաստանի Հանրապետության հիմնի կատարմամբ: Տպավորությունն աննկարագրելի էր: Ընդհանրապես ողջ համերգի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը շունչը պահած էր, քարացած: Իսկ ահա ավարտին ծափերն ու օվացիաները թվում էր, թե չեն վերջանա: Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած նվագախմբի անդամները ակնհայտորեն շոյված էին հայ հանդիսատեսի ընդունելությունից, չէին թաքցնում գոհունակ ժպիտները:
Անհիշելի ժամանակներից «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի չէր ունեցել համերգ, երբ պարտերի բոլոր հնարավոր անկյուններում հավելյալ աթոռներ են տեղադրված, ամֆիթատրոնի բոլոր աստիճաններին հանդիսատես էր նստած, բոլոր ազատ տարածքներում էլ կանգնած: Եվ այնուամենայնիվ 8-10 ազատ աթոռ դահլիճում կար կառավարական լոժայում»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























