Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության 80-ամյակին:

Ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահում:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում եւ ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին եւ տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

Մուտքն ազատ է: