Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները նմանեցրել է Ռոջերսի նախագծին։
Թուրքական Yenicag-ի փոխանցմամբ՝ Գյուզթոքլուսուն հիշեցրել է, որ 1970-ականների վերջում Կիպրոսի խնդրի հետ կապված` Հունաստանը առանձնացել էր ՆԱՏՕ-ի ռազմական թեւից եւ կրկին միանալու համար պահանջվում էր Թուրքիայի կողմից Հունաստանի դեմ կիրառված վետոյի վերացումը։ «Ոչ մի թուրքական կառավարություն չէր համարձակվում դա անել եւ միայն 1980-ի հեղաշրջումից հետո Թուրքիայի գլխավոր շտաբի պետ եւ այնուհետ նախագահ Քենան Էվրենը վերացրեց վետոն, եւ Հունաստանը կրկին դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Քենան Էվրենը իր քայլը բացատրեց նրանով, որ գեներալ Ռոջերսը իրեն զինվորականի խոսք էր տվել, որ Հունաստանը կկատարի Թուրքիայի պահանջները, սակայն Ռոջերսի խոսքերը այդպես էլ օդում մնացին։
Եւ հիմա էլ իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության ղեկավարությունը, հաշվի չառնելով այս տխուր պատմական իրողությունը, հավատացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին եւ ադրբեջանական հողերի „բռնազավթման“ վերացումը չի նշել ստորագրված արձանագրություններում։ Այդ պատճառով Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները Ռոջերսի նախագծի նման երկիրը անհաջողության հասցրեցին։ Թուրքիան իր իշխանության կողմից ծուղակ է նետվել»,-նշել է Թուրքիայի Հայրենիք" կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն։




























