Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը կախված է ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն վերադասավորման հավանականությունից։ Այս մասին փետրվարի 2-ին Ազգայի ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

Պատգամավորի խոսքով, հենց այդ պատճառով նվազագույնը մինչեւ այս տարվա ապրիլ ամսվա կեսը Հայաստանը արձանագրությունների հետ կապված որեւէ կտրուկ գործողություններ չպետք է կատարի։

«Հատկանշական է, որ հարաբերությունների կարգավորման գործում նախապայմաններով հանդես է գալիս ոչ թե այն ազգը, որը կորցրել է 1,5 միլիոն մարդ, այլ երկիրը, որն իրականացրել է Ցեղասպանություն։ Համաշխարհային պատմության մեջ սա յուրահատուկ դեպք է»,-հայտարարեց պատգամավորը։ Նա ընդգծեց, որ մոտակա երկու ամիսներին Հայաստանի խորհրդարանը պետք է ձեռնպահ մնա արձանագրությունների վավերացումից, նախապայմաններ կամ փոփոխություններ մտցնելուց։ Դալլաքյանը Հայաստանի խորհրդարանին առաջարկեց կոչով դիմել աշխարհի երկրների խորհրդարաններին եւ հայտարարել, որ ՀՀ Ազգային ժողովը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, եւ անընդունելի են Անկարայի փորձերը՝ հաշտեցման գործընթացն օգտագործել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։