Երեւանը բազմիցս հայտարարել է եւ չի հոգնի կրկնելուց, որ հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը փոխկապակցված չեն: Այդ մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել, շարունակվել եւ հասել է երկկողմ արձանագրությունների ստորագրման փուլին՝ հենց այդ իրողության գիտակցմամբ: «ԸՆդ որում, դա գիտակցում էր ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան, այլապես հարաբերությունների կարգավորում չէր սկսվի»,- հայտարարել է նախարարը: Նա ընդգծել է, թե երկու գործըթնացների միջեւ կապի բացակայության մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոպայի երկրները: Նախարարը կրկին նկատել է, թե Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: «Իսկ եթե արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը եւ սկսել խոսել նախապայմանների լեզվով, դա իր գործն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ամփոփել է Նալբանդյանը: