Մայիսի 14-ին, Նուբարաշենի գերեզմանատան մոտ շղթայական ավտովթարից տուժածներից մեկը մահացել է:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09:42-ին  հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 համարանիշի հրշեջ-ավտոմեքենան բախվել է 41-ամյա Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է 29-ամյա Մ. Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 PU 631 համարանիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Վեկտրա»-ի ուղեւոր, 43-ամյա Տարիել Քիշմիրյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ֆիատ»-ի վարորդ Ռոբերտ Աբրահամյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները: Տուժածը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ռ. Աբրահամյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Տ. Քիշմիրյանինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Ժամը 14:00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Ջաղացպանյանից տեղեկություն է ստացվել, որ Ռ. Աբրահամյանը մահացել է: