Ռուսաստանի Ստավրոպոլ երկրամասում դաշտերը փոշոտող Ան-2 ինքնաթիռ է ընկել:

Նախնական վարկածով՝ օդանավում երկու մարդ է եղել, որոնցից մեկը զոհվել է: Այս մասին մայիսի 15-ին հայտնել է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Այնինչ ԱԻՆ-ի կայքում  նշվում է, որ վթարի հետեւանքով ոչ ոք չի զոհվել: Ըստ գերատեսչության տվյալի` Ան-2-ի երկու օդաչու վնասվածքներ են ստացել:  Ըստ գերատեսչության տարածաշրջանային վարչության տեղեկության`  օդանավը վթարային վայրէջք է կատարել, այլ ոչ թե ընկել: «Ինտերֆաքսը», վկայակոչելով ուժային կառույցների անանուն աղբյուրին, հայտնում է, որ օդանավում ընդամենը մեկ մարդ է եղել, որը զոհվել է: 

Դեպքը կատարվել է Նովոսելիցկի շրջանի Չերնոլեսկոյե գյուղում: Ըստ «Ինտերֆաքսի»` օդանավը դիպել է էլեկտրահաղորդման գծերին: