ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակել է իր նամակը՝ ուղղված ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որտեղ խնդրում է առեւտրային բանկերի հետ քննարկել գյուղացիների վերցրած վարկերի սառեցման հարցը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն Ջավադյան,

Ինձ են դիմել Արմավիր եւ Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնում են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետեւանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները: Ընդ որում, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետեւանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն եւ բերք կտան:

Չունենալով ո՛չ բերք, ո՛չ էլ եկամտի որեւէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է եւ այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել եւս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առեւտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը եւ հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո եւ ապա շարունակեն վարկերի մարումը:

Կանխավ շնորհակալություն համագործակցության համար»: